Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Տուբերկուլյոզ: Ո՞րն է DOTS բուժման մեթոդի սկզբունքը

Տուբերկուլյոզ: Ո՞րն է DOTS բուժման մեթոդի սկզբունքը

Մենք այցելել ենք Տուբերկուլյոզի հանրապետական դիսպանսերի գլխավոր բժիշկ, բ.գ.դ. պրոֆեսոր Մարինա Սաֆարյանին:


Եթե կարելի է, մի քանի խոսք Ձեր դիսպանսերի մասին:


— Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերն ունի մշտական և դիսպանսերային բաժանմունքներ: Ստացիոնարները, դրանք բուժական, ախտորոշիչ, վիրաբուժական, թոքային տուբերկուլյոզի, ուրոլոգիական, մանկական բաժիններն են: 2002 թ. «Կարմիր խաչ» կազմակերպությունը լաբորատորիա է հիմնադրել: Այն նախատեսված է ողջ հանրապետության համար, որտեղ կատարում են տարբեր հետազոտություններ` խորխի, սերմի, բացիլների կայունության և այլն: Ունենք նաև տարբեր ենթաբաժիններ՝ ռենտգենի, ֆունկցիոնալ ախտորոշման բաժիններ: 1995-ական թվականներից մեզ մոտ անց է կացվում տուբերկուլյոզի բուժման նոր ռազմավարություն: Դա ողջ աշխարհում ընդունված DOTS մեթոդն է: Ու եթե 1995-ական թվականներին այս մեթոդը կիրառվում էր աշխարհում միայն հինգ երկրում, ապա նրանց մեջ էր Հայաստանը: Սկզբում սկսեցինք մի քանի շրջաններում, իսկ արդեն 2000 թ.` ողջ հանրապետությունում: Այժմ այդ մեթոդն օգտագործվում է աշխարհի ավելի քան 180 երկրներում:


Ո՞րն է բուժման այս մեթոդի սկզբունքը:


— DOTS-ը դա  անգլերեն «Directly observer treatment short course»-ն է, այսինքն` քիմիաթերապիայի անմիջական վերահսկողությամբ կարճ կուրսեր: Ի՞նչն է այստեղ կարևոր` ստանդարտավորված կուրս: Սակայն այս ստանդարտավորված կուրսն առաջին կարգի դեղամիջոցներով է և այն հստակ վերահսկվում է: Այսինքն` դեղամիջոցները պետք է  կանոնավոր ընդունվեն, ամեն օր բժշկի հսկողությամբ: Վերահսկողության բացակայությունը հանգեցնում է կայուն տուբերկուլյոզի, որի հաճախականությունն աճում է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Եվ այսօր այն մեծ աղետ է, քանի որ, եթե սովորական տուբերկուլյոզը կարելի է բուժել հիմնականում էժան դեղամիջոցներով, ապա կայուն տուբերկուլյոզով հիվանդների բուժումը շատ ավելի դժվար է: Դրա համար անհրաժեշտ են ավելի թանկարժեք դեղեր:  Կայուն տուբերկուլյոզով մեկ հիվանդի բուժումը տևում է 18-24 ամիս, և պետության համար բուժման արժեքը կազմում է 10 000$, այն դեպքում, երբ զգայուն տուբերկուլյոզի բուժումն արժե 100-150$:  Վերջերս մեզ այցելել էր  հանձնաժողով, որը զբաղվում էր կայուն տուբերկուլյոզի հարցերով: Մոտ մեկ տարուց ավել է, ինչ մեզ մոտ աշխատում է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը, որն այստեղ է գտնվում հենց այդ նպատակով:  Ծրագիրը փորձնական է, նրանում ներառված են Երևանի Մալաթիա, Սեբաստիա և Շենգավիթ համայնքները: Այս համայնքների հիվանդները բուժում են ստանում հենց այս ծրագրի շրջանակներում, չնայած կայուն տուբերկուլյոզի բուժման արդյունավետությունն ընդամենը 60-65% է կազմում: Իսկ զգայուն տուբերկուլյոզի բուժման արդյունավետությունը մոտ 90% է:


Ի՞նչ ծրագրեր է իրականացնում հակատուբերկուլյոզային դիսպանսերը, և ի՞նչ է պալանավորում:


— Այսօր տուբերկուլյոզով հիվանդի բուժումը հարցի միայն մեկ կողմն է: Շատ ավելի կարևոր է հիվանդին բացահայտելը, քանի որ նրանք չգիտեն իրենց հիվանդության մասին, ազատ շփվում են առողջ մարդկանց հետ ու տարածում այս հիվանդությունը: Օրինակ՝ հենց այսօր մեզ մոտ բերեցին կայուն տուբերկուլյոզով ծանր հիվանդի, որն աշխատել էր հացի գործարանում... Ինչպե՞ս բացահայտել տուբերկուլյոզով հիվանդին: Տուբերկուլյոզով հիվանդների բացահայտումը տուբերկուլյոզի ծառայությունների արտոնությունը չէ: Այս գործընթացն իրականացվում է ընդհանուր պրակտիկայի բժիշկների, պոլիկլինիկաների, ընտանեկան բժիշկների կողմից, և ես շատ ուրախ եմ, որ 2006 թ. պոլիկլինիկաներում հետազոտությունն անվճար է: Ըստ իս այժմ այդ գործընթացը չի գտնվում այն մակարդակի վրա, ինչպիսին ցանկալի է տեսնել: Տուբերկուլյոզի կասկածով ցանկացած հիվանդ պետք է իմանա, որ երաշխավորված է անվճար ծառայությունը ու կարող է պոլիկլինիկայում անցնել հետազոտության մի ողջ ալգորիթմ: Առաջինը դա խորխի հետազոտությունն է, որը ոչ բոլոր կլինիկաներում է կատարվում: Իսկ ի՞նչու հենց խորխի հետազոտություն: Քանի որ դա հետազոտության շատ էժան մեթոդ է: Եթե խորխի հետազոտությունը չի բավարարում, այդ դեպքում կատարվում է ռենտգենոգրաֆիա և ֆլյուորոգրաֆիա:  Ցանկանում եմ նշել, որ այն մասսայական ֆլյուորոգրաֆիան, որ կատարվում էր խորհրդային ժամանակներում, այսօր չի օգտագործվում  և չի էլ օգտագործվի, քանի որ թանկ մեթոդ է և ոչ շատ ինֆորմատիվ: Այսօր գոյություն ունեն տուբերկուլյոզի բացահայտման շատ ավելի արդյունավետ մեթոդներ: Գոյություն ունեն ռիսկի որոշակի խմբեր, որոնք պետք է հետազոտվեն: Դրանք շաքարային դիաբետով հիվանդներն են, հոգեկան հիվանդները, ստամոքսի խոց ունեցողները, անապահով ընտանիքի մարդիկ, զինծառայողները,  կալանավորները և այլն: Ցանկանում եմ նշել, որ «Կարմիր խաչ» կազմակերպությունն արդեն ավելի քան երկու տարի է աշխատում է կալանավայրերում, և այժմ մենք շատ լավ արդյունքներ ունենք տուբերկուլյոզով հիվանդների բացահայտման ու բուժման մեջ: Նման կերպ աշխատանքներ են արվել նաև բանակում, որտեղ հիվանդության դեպքեր ամեն տարի ավելի ու ավելի քիչ են հանդիպում: Եվ դա հենց այն պատճառով, որ այս խմբերում տարին երկու անգամ կատարվում է թվային ֆլյուորոգրաֆիա:


Խոսելով վիճակագրության մասին՝ անհրաժեշտ է նշել, որ 90-ականների սկզբից բնակչության շրջանում գրանցվել է հիվանդության աճ 3-3,5 անգամ: Բնականաբար, բարձրանում է նաև մահացությունը: Հիվանդանալու աճ նկատվում է ողջ աշխարհում, այդ թվում նաև զարգացած երկրներում: Այսօր մեզ մոտ 100 հազ. բնակչությանը բաժին է ընկնում 60 հիվանդ, իսկ օրինակ` Ռուսաստանում այդ թիվը կազմում է   մոտ 100 հազ-ին`  90: Այո՛, հիվանդությունն աճում է, սակայն այսօր ամենամեծ աղետը դա ՄԻԱՎ և ՁԻԱՀ-ով հիվանդների մոտ հանդիպող տուբերկուլյոզն է: Եթե մեկ տարի առաջ մենք ասում էինք, որ նման հիվանդներ չունենք, ապա այսօր հանդիպում ենք գրեթե ամեն օր:  Աշխարհում ՁԻԱՀ-ով հիվանդների մոտ 50%-ը մահանում է տուբերկուլյոզից:


Բնականաբար, տուբերկուլյոզով հիվանդանում են նաև երեխաները: Այսօր Հայաստանում 100 հազար բնակչությանը բաժին է ընկնում 9-10 հիվանդ երեխա: Հիվանդանալու ստաբիլիզացման համար անհրաժեշտ է կոորդինացման կենտրոնական  համակարգ, ճիշտ կառուցվածք:


Տվյալ պահին մենք ունենք տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիր: Այնպես է ստացվել, որ մենք ունենք տուբերկուլյոզի դեմ պայքարի կենտրոն, այն, կոպիտ ասած, ղեկավարում են ոչ մասնագետները: Ձեռքս ընկավ տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը: Հեղինակը և դրա իրականացման պատասխանատուն տուբերկուլյոզի դեմ պայքարի կենտրոնական գրասենյակն է: Սակայն, առաջին հերթին, հեղինակը չի կարող լինել կենտրոնական գրասենյակը, իսկ ազգային ծրագրի մշակման խմբում 9 մարդուց միայն մեկն է թոքախտաբույժ...


Հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատանքները որտեղի՞ց են ֆինանսավորվում:


— Մեր կլինիկան ամբողջությամբ ֆինանսավորվում է երկրի պետական բյուջեից: Պետք է նշել, որ ֆինանսավորման մեջ նկատվում է հաստատուն դրական դինամիկա: Գումարները ստաբիլ կերպով են փոխանցվում, և անձնակազմն ամեն ամիս ստանում է աշխատավարձ: Սակայն այստեղ անհրաժեշտ է համակարգել բոլոր մարդասիրական օգնությունները, որոնք ստանում է հանրապետությունը:


Որո՞նք են Ձեր հետագա ծրագրերը:


— Առաջին հերթին կարծում եմ, որ մեր դիսպանսերը պետք է կոչվի տուբերկուլյոզի դեմ պայքրի կենտրոն, քանի որ այսօր յուրաքանչյուր ծառայություն ուժեղ է իր գիտությամբ: Գիտությամբ մեզ մոտ զբաղվում են ամբիոնի 2-3 աշխատակից, իսկ առանց գիտության առաջ գնալ մենք չենք կարող: Դա հիմնական նպատակներից մեկն է: Չմոռանանք, որ դիսպանսերը վերջին անգամ վերանորոգվել է 60-ական թվականներին և մոռանանք նաև, որ մեր հիվանդների մեծ մասն անապահով մարդիկ են:

Սկզբնաղբյուր. ՀՀ - ամսագիր“Ֆարմացևտ պրակտիկ” 3-2007 (3)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ